Curiosity-ն Մարսի վրա առեղծվածային շրջան է ֆիքսել (լուսանկարներ)
Ամերիկյան ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը, որն իր առաքելությունն է իրականացնում «Կարմիր մոլորակի» վրա, ֆիքսել է առեղծվածային քարե շրջան ցուցադրող ուշագրավ կադր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, համացանցի օգտատերերից ոմանք եզրակացրել են, որ շրջանը կառուցվել է այլմոլորակայինների կողմից, կամ էլ՝ որ այն ավելի մեծ, հողի տակ թաղված կառույցի մի մասն է:
«Չգիտեմ, թե սա ինչ ծագում ունի, սակայն ակնհայտ է, որ այն կատարյալ շրջան է ու նման չէ Մարսի կամ Լուսնի վրա հանդիպող խառնարաններին: Այնպիսի տպավորություն է, որ քարերը հատուկ են այսպես դասավորել: Չի բացառվում, որ սա ինչ-որ փլատակ է»,-գրել է օգտատերերից մեկը:
Հավելենք, որ իրենից շարժական լաբորատորիա ներկայացնող Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին: Դրա նպատակն է հեռավոր մոլորակի վրա կյանքի գոյության նշաններ գտնելը: Այն կշռում է մոտ 900 կգ ու համալրված է 17 տեսախցիկով, տարբեր գործիքներով:












