Գենետիկ հազվագյուտ փոփոխություն. ամերիկուհին մաշկի երկու գույն և երկու իմունային համակարգ ունի (լուսանկարներ)
Ամերիկացի մոդել և երգչուհի Թեյլոր Մյուլը սովորաբար ասում է, որ ինքն իր երկվորյակն է: Որքան էլ տարօրինակ հնչի այդ խոսքը, դա ինչ-որ չափով իրականություն է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Կալիֆոռնիայի 33-ամյա բնակչուհու մոտ գենետիկ խիմերիզմ է ախտորոշվել: Դա չափազանց հազվադեպ հանդիպող դեպք է, երբ օրգանիզմը կազմված է լինում տարբեր զիգոտներից առաջացած բջիջներից (բջիջ, որն առաջանում է սեռական բջիջների միաձուլման հետևանքով):
Երեխա ժամանակ ամերիկուհին շատ է երազել զույգ քույր ունենալու մասին, սակայն դժվար թե հասկանար, որ ինքն իր սեփական երկվորյակն է: Բժիշկները հայտնում են, որ նա մոր արգանդում գտնվելիս կլանել է իր զույգին, որի ԴՆԹ-ի մի մասը այժմ նրա օրգանիզմում է գտնվում:
Բժշկության պատմությանն ընդամենը 100 նման դեպք է հայտնի ողջ աշխարհում: Արտաքին նշանն այն է, որ Թեյլորի իրանի մասը, հիմնականում` ստամոքսի շրջանում, բաժանված է երկու գույնի: Իրականում ամերիկուհին 2 տարբեր իմունային համակարգ ունի:














