Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կազմակերպվել է Telegram-ի միջոցով. ՌԴ ԱԴԾ
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչություն իրականացրած անձն ու կազմակերպիչն օգտագործել են Telegram մեսենջերը: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից:
«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ստացել է լիարժեք տեղեկատվություն, որ մահապարտ ահաբեկիչը, նրա հանցակիցները և օտարերկրացի կազմակերպիչն օգտագործել են Telegram մեսենջերը՝ կազմակերպման բոլոր փուլերում իրենց հանցավոր մտադրությունները թաքցնելու և ահաբեկչական հարձակումը նախապատրաստելու համար»,- հայտնել են ծառայությունից:
Գերատեսչությունից նաև հավելել են, որ Telegram-ն առավել ակտիվ է օգտագործվում ահաբեկիչների կողմից՝ փոխանցվող տեղեկատվության գաղտնագրման բարձր մակարդակով գաղտնի «չաթեր» ստեղծելու հնարավորության համար:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 16 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։










