Հարևան էլիտար շենքում 1 քմ-ն 3500 դոլարից պակաս չէ, մեզ 625 են առաջարկում. Ֆիրդուսի բնակիչները համարժեք փոխհատուցում են պահանջում (տեսանյութ)
Պետք է համարժեք գումար տան մեր բնակարանների համար, որ դուրս գանք, ո՛չ շատ ենք ուզում, ո՛չ քիչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչները:
Պետությունը այժմ բնակելի մակերեսի 1 քմ-ի համար տեղի բնակիչներին առաջարկում է 625 դոլար, իսկ հողի արժեքը գնահատվում է առաջարկվող գումարի 1/3-ով:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 33-րդ թաղամասում (Ֆիրդուսում) իրականցվելու է լայնածավալ շինարարություն։ Նրա խոսքով՝ թաղամասի բնակիչների հետ քննարկումներ են եղել և առաջարկվել է երկու տարբերակ՝ քաղաքի տարբեր հատվածներում բնակարան կամ գումար:
Քննարկումներ ոչ բոլոր բնակիչների հետ են եղել, ինչպես նշում է Նարեկ Սարգսյանը: Շատերը հարևաններից են իմացել պայմանների մասին:
«Միանշանակ քաղաքի այլ հատվածում բնակարանի հետ փոխելուն դժվար թե համաձայնենք, միայն գումարի դեպքում ենք պատրաստ դուրս գալ: Օրենքով նախատեսված է շուկայական արժեք, գումարած 15 տոկոս: Եթե այդպես եղավ, նորմալ է, բայց իրենք մեկ քմ-ի համար 625 դոլար են առաջարկում»,- նշեց բնակիչներից մեկը:
Նրանց տեղեկացմամբ՝ իրենց հարևանությամբ Հանրապետության փողոցի վրա գտնվող էլիտար շենքում մեկ քմ-ն 3500 դոլարից պակաս չէ:
«Ես ուզում եմ այստեղից դուրս գալ, բայց եթե պայմանները լավ լինեն: Բացի այդ՝ խաբում են, մեր հարևաններին տարիներով փողերը չէին տալիս, տարիներով վարձով էին ապրում»,- նշեց մեկ այլ բնակիչ:
Բնակիչների փոխանցմամբ՝ ֆիրդուսցիներին նոր բնակարաններ են առաջարկում Նորք Մարաշում, Կոմիտասի պողոտայում այն էլ ոչ լիովին պատրաստ, «միայն 4 պատեր են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










