«Կասինի» զոնդը լուսանկարել է արևածագը Սատուրնի վրա (լուսանկար)

22:31 • 27.06.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) «Կասինի» զոնդը ստացել է Սատուրնի լուսանկարներն արևածագի պահին, երբ Արեգակի շողերը սկսել են լուսավորել Սատուրնի օղակները և դրա ամպերի վերևի մասերը: Այս մասին հայտնում է գործակալության պաշտոնական կայքը:

Հայտնի է, որ վերջերս «Կասինին» պաշտոնապես սկսել է իր գոյության եզրափակիչ փուլը՝ սույն թվականի ապրիլի 22-ին վերջին անգամ հանդիպելով Սատուրնի խոշորագույն արբանյակ Տիտանի հետ: Արբանյակի հետ մերձեցումը հնարավորություն է տվել զոնդին փոխել թռիչքի երթուղին և դուրս գալ հսկա մոլորակի հետ բախման ճանապարհ, որի մթնոլորտում այն կհրկիզվի սույն թվականի սեպտեմբերի կեսին՝ 22 թռիչք իրականացնելով Սատուրնի և նրա օղակների արանքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սատուրնի արևածագի լուսանկարներն արվել են սույն թվականի մարտի վերջին՝ օղակների արանքով անցնելու ժամանակ, երբ «Կասինի» զոնդի գիտական թիմը պատրաստվելիս է եղել սարքի աշխատանքի վերջնական փուլին:

 

«Կասինի» զոնդը լուսանկարել է արևածագը Սատուրնի վրա (լուսանկար)