ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնք թույլ են տալիս սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը

16:03 • 27.06.17

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, երեքշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Կողմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական:


Ընդունված բանաձևը հնարավորություն է տալիս Ագրամունտի՝ պաշտոնից հեռացման գործընթաց սկսել: Այսօրվա դրությամբ ԵԽԽՎ կանոնակարգում չկա ընտրված անձի հեռացման մասին դրույթ: Նա կարող է հեռանալ միայն ինքնակամ:


Ընտրովի պաշտոնի նկատմամբ պաշտոնանկություն սահմանելու հնարավորության հարցն առաջացել է այս տարվա գարնանը ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վեհաժողովը Սիրիա այցի պատճառով Ագրամունտին անվստահության քվե է հայտնել, բայց չի կարողացել նրան հեռացնել պաշտոնից:


Ինքը՝ Ագրամունտը, ներկա չէ ամառային նստաշրջանի նիստին: Նրա փոխարեն նստաշրջանը վարում են նախագահի տեղակալները:


Ընդունված փաստաթղթի տեքստում ասվում է, որ «բանաձևն ուժի մեջ է մտնում դրա ընդունումից հետո»:


Մինչ այս ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարական էին պահանջում Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում։


Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված է եղել ներողություն հայցել՝ նշելով, որ այցելությունը սխալ էր։


Հիշեցնենք, որ Ագրամունտը հայտնի է նաև Ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու համար:


Կարող եք կարդալ նաև՝

Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ, ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան