Անթալիայի բնակիչներից մեկի տան դիմացի սյունը, պարզվել է, հռոմեական շրջանի հուշարձանի մաս է
Անթալիայի Քալեիչի շրջանի բնակիչներից մեկի տան սյունը, պարզվում է, ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։
Ինչպես հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը, վերջերս պարզ է դարձել, որ սովորական տան սյունն իրականում հռոմեական շրջանի պատմական հուշարձանի մաս է։ Առայժմ անհայտ է մնում, թե ինչպես է այն հայտնվել Անթալիայի բնակչի տան դիմաց։
Սյունը շատ պատահաբար նկատել է արվեստի պատմության նախկին ուսուցիչ, 66-ամյա Էրթեքին Քայան։
Քայան միանգամից կապվել է Անթալիայի պատմության թանգարանի հետ, սակայն տնօրինությունը նախ անտարբերությամբ է արձագանքել։
«Ինձ ասացին՝ «Դու բան ու գործ չունե՞ս, մարդկանց տան սյուները քեզ ի՞նչ վնաս են տալիս», - պատմել է տարեց ուսուցիչը, որը, սակայն, հեշտ չի հանձնվել և լուսանկարելով պատմական հուշարձանի մասը՝ այն ուղարկել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն։
Դատարանի որոշմամբ սյունը կտեղափոխվի տեղի պատմության թանգարան։ Սակայն մեկ այլ դատական գործի շրջանակներում էլ այժմ մեղադրյալի աթոռին է 66-ամյա Քայան, ով փորձել էր պաշտպանել պատմական ժառանգությունը։
Տանտերը, ում դռան մոտ տեղակայված էր սյունը, դատական գործ է հարուցել թոշակառու ուսուցչի դեմ ու պահանջում է ֆինանսական փոխհատուցում։










