Ռուս գիտնականները պատմել են արևապաշտպան քսուքների վնասների մասին
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պատմել՝ ինչ վնասներ են հասցնում արևապաշտպան քսուքները: Նրանք պարզել են, որ այս քսուքների մեծ մասի բաղադրության մեջ մտնում է ավոբենզոնը, որը քլորացված ջրի և ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ փոխազդեցության արդյունքում քայքայվում է՝ վերածվելով վնասակար քիմիական միացությունների: Քիմիկոսներն իրենց աշխատանքի արդյունքը ներկայացրել են Chemosphere ամսագրում:
Գիտնականների համաձայն՝ իրենք որպես հետազոտության առարկա են ընտրել ավոբենզոնը, քանի որ այն ամենատարածված ուլտրամանուշակագույն ֆիլտրն է աշխարհում: Առանձին վերցրած՝ ավոբենզոն նյութն անվտանգ է, սակայն պարզվել է, որ ջրային լուծույթում այն քայքայվում է՝ վերածվելով մի քանի տասնյակ օրգանական միացությունների, որոնք պատկանում են արոմատիկ թթուների և ալդեգիդների, ֆենոլների և ացետոֆենոնների դասերին:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ առավել թունավոր են ֆենոլները և քլորացված ացետոֆենոնները: Վերջինները, մասնավորապես՝ քլորացետոֆենոնը, մտնում են արցունքաբեր խառնուրդների բաղադրության մեջ:
Նշվում է, որ ավոբենզոնի քայքայումը կարող է տեղի ունենալ քսուքով պաշտպանված խոնավ մաշկի վրա:
Այժմ գիտնականներն ուսումնասիրում են ավոբենզոնի վերափոխումը քաղցրահամ և ծովի ջրի քլորացման և բրոմացման պայմաններում: Ծովի ջրի քրոմացման կամ բրոմացման դեպքում ավոբենզոնի քայքայման արդյունքում առաջացած նյութերն ավելի շատ կլինեն, իսկ եթե ջրի մեջ պղնձի աղեր առկա լինեն (շատ լողավազաններում այն ավելացվում է՝ ջրին գեղեցիկ կապույտ գույն հաղորդելու համար), մեծ քանակության դեպքում ձևավորվում է բրոմոֆորմ, որը կարող է առաջացնել լյարդի և երիկամների խանգարումներ, ինչպես նաև՝ նյարդային համակարգի աշխատանքի խախտումներ:










