2.4 մլրդ եվրո. ԵՄ-ն ռեկորդային տուգանք է սահմանել Google-ի համար
Եվրոպական միությունը (ԵՄ) 2,42 մլրդ եվրոյի չափով ռեկորդային տուգանք է սահմանել ամերիկյան Google ընկերության համար՝ նշելով, որ տեխնոլոգիական «հսկան» չարաշահում է իր գերիշխող դիրքը որոնողական համակարգերի շուկայում՝ սեփական առցանց գնումների ծառայությունը զարգացնելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, Բրյուսելի պնդմամբ՝ տեխնոլոգիական «հսկան», չարաշահելով որոնողական համակարգում գերիշխող դիրքը, փոփոխել է իր համակարգում արված որոնումների տվյալները հօգուտ առցանց գնումների սեփական ծառայության:
«Google-ը ներկայացրել է բազմաթիվ նորարարական արտադրանքներ ու ծառայություններ, որոնք դեպի լավն են փոխել մեր կյանքը: Դա շատ լավ է, սակայն Google-ի ընտրած մարտավարությունն իր առցանց գնումների ծառայության առաջխաղացման հարցում հակասում է ԵՄ օրենքներին: Ընկերությունը գնորդներին գրավում է ոչ թե մրցակիցներից ավելի որակյալ ծառայություն մատուցելու, այլ շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում որոնման համակարգում իր ծառայությունն անընդհատ առաջարկելու միջոցով»,-նշվում է ԵՄ կարգավորիչների հայտարարությունում:
Հայտնի է, որ ԵՄ կարգավորիչներն ընկերությանը 90 օր են տվել իր ապօրինի գործունեությունը դադարեցնելու համար:
Աղբյուրը հավելում է, որ ԵՄ-ն այս հարցի շուրջ 7 տարի հետաքննություն է վարել: Google-ը հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները:










