ՆԱՍԱ-ում հերքել են արտերկրային կյանք հայտնաբերելու մասին լուրերը
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հերքել է լուրերը, թե գիտնականները պատրաստ են հայտարարել արտերկրային կյանք հայտնաբերելու մասին: Անցած շաբաթ այս պնդումով ելույթ է ունեցել Anonymous հաքերային խումբը, և այս լուրերը մեծ արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, ինչի պատճառով դրանք ստիպված է եղել հերքել ՆԱՍԱ-ի գիտական ծրագրերի ղեկավար Թոմաս Զարբաչենը:
«Հակառակ որոշ հայտարարությունների՝ ՆԱՍԱ-ում չի պլանավորվում արտերկրյա կյանքի վերաբերյալ որևէ հայտարարություն անել», - գրել է գիտնականը Twitter-ում:
«Արդյո՞ք մենք մենակ ենք Տիեզերքում: Դեռ չգիտենք, սակայն պատրաստում ենք առաքելություններ, որոնք կարող են պատասխան տալ այս հարցին», - ավելացրել է Զարբաչենը:
Նշվում է, որ հաքերներն իրենց հաղորդագրություններում հղում են արել ոչ թե որևէ փաստաթղթի, այլ Զարբաչենի խոսքին, որը նա ասել էր ապրիլին: Այն ժամանակ գիտնականը հայտնել էր, որ ՆԱՍԱ-ն մեծ առաջընթացի է հասել տիեզերքում կյանք փնտրելու գործում. Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հազարավոր էկզոմոլորակներ են հայտնաբերվել, իսկ Սատուրնի արբանյակ Էնցելադի արտանետումներում ջրածին է հայտնաբերվել:










