Ամերիկացի դիզայները 9 տարում իրական Boeing-ի թղթե կրկնօրինակ է պատրաստել` բոլոր դետալներով
Ամերիկացի դիզայները 9 տարի է ծախսել թղթե օդանավ պատրաստելու համար: Իհարկե, խոսքը սովորական թղթից ինքնաթիռների մասին չէ, այլ Air India ավիաընկերության Boeing 777-ի իրական կրկնօրինակի մասին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, թղթե գլուխգործոցը իրական օդանավի նմուշ է` 1:60 մասշտաբով: Սան Ֆրանցիսկոյի 25-ամյա բնակիչ Լուկա Ստյուարտն ինքն իրեն բնութագրում է որպես «խենթ տղա, ով չափից շատ է սիրում ավիացիան»:
Թղթե օդանավը նա պատրաստել է ամենայն մանրամասնությամբ կրկնօրինակելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր տարր, որոնք նաև շարժունակ և գործող են, անգամ շարժիչը:
Հավաքելով բոլոր անհրաժեշտ իրերը` ամերիկացին սկսել է իր աշխատանքը համակարգչից հանված տպված գծանկարների օգնությամբ:
Առաջին անգամ նրա այս աշխատության մասին հայտնի դարձավ 2014-ին, երբ ամերիկացին բացահայտել էր, որ մի ամբողջ ամառվա ընթացքում միայն ուղևորների նստատեղերն է պատրաստել, ի դեպ, դրանք նախատեսված են ինչպես էկոնոմ դասի, այնպես էլ բիզնես կարգի համար:
Նա անգամ դուրս է եկել քոլեջից` իր ողջ ժամանակն այս նախագծին, որը դեռ ամբողջությամբ չի ավարտել:
















