ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտին հեռացրել են ԵԺԿ խմբակցությունից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից: Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի ԵԺԿ պատգամավորների նիստի ժամանակ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը:
Երեքշաբթի հաղորդվել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, երեքշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը:
Ընդունված բանաձևը հնարավորություն է տալիս Ագրամունտի՝ պաշտոնից հեռացման գործընթաց սկսել:
Ընտրովի պաշտոնի նկատմամբ պաշտոնանկություն սահմանելու հնարավորության հարցն առաջացել է այս տարվա գարնանը ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վեհաժողովը Սիրիա այցի պատճառով Ագրամունտին անվստահության քվե է հայտնել, բայց չի կարողացել նրան հեռացնել պաշտոնից:
Մինչ այս ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարական էին պահանջում Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում։
Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված է եղել ներողություն հայցել՝ նշելով, որ այցելությունը սխալ էր։
Ապրիլի 28-ին ԵԽԽՎ բյուրոն ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել և զրկել է նրան ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այցելություններ իրականացնելու, հայտարարություններ անելու և այլ գործունեություն անելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Ագրամունտը հայտնի է նաև Ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու համար:










