10 տարի առաջ այս օրն Apple-ը վաճառքի է հանել առաջին iPhone-ը (լուսանկարներ)
iPhone-ն այն սարքն է, որ իսկական հեղափոխություն իրականացրեց սմարթֆոնների շուկայում ու օգնեց, որպեսզի Apple-ն աշխարհում դառնա ամենաթանկարժեք բրենդը, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այսօր iPhone-ը նշում է վաճառքում հայտնվելու 10-ամյակը:
Հայտնի է, որ Apple ընկերության համահիմնադիր ու նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն iPhone-ի առաջին մոդելը ներկայացրել է 2007թ. հունվարի 9-ին, ինչից 6 ամիս անց՝ հունիսի 29-ին, նմուշը հայտնվեց վաճառքում:
Առ այսօր ընկերությունը ներկայացրել է iPhone-ի 15 մոդել ու ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 1 մլրդ սմարթֆոն:
Հետաքրքրական է, որ iPhone-ի առաջին 1 մլն խմբաքանակը վաճառելու համար ընկերությունից պահանջվել է 3 ամիս:
Բրիտանական պարբերականը նշում է, որ այսօր iPhone-ն աշխարհում ամենապահանջված հեռախոսն է. յուրաքանչյուր րոպե աշխարհում վաճառվում է միջինը 395 հատ iPhone:
Տեխնոլոգիական ոլորտի վերլուծաբանների համաձայն՝ iPhone-ը փոխեց ոչ միայն ամբողջ շուկան, այլև` մարդկանց պատկերացումները բջջային հեռախոսի վերաբերյալ: Բացի այդ, այն իր բազմաթիվ նորարարությունների շնորհիվ ստիպեց տեխնոլոգիական ընկերություններին արմատապես փոխել իրենց առաջարկած արտադրանքը:











