PicsArt-ի համահիմնադիր Հ. Ավոյանի հոդվածը Forbes-ում. Արհեստական բանականությունը նոր հմտությունների պահանջարկ է ստեղծում

16:10 • 29.06.17

PicsArt առաջատար սոցիալական ֆոտոխմբագրման սթարթափի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը հանրահայտ Forbes ամսագրում հոդված է հրապարակել մեքենայական ուսուցման վերաբերյալ: PicsArt-ը ֆոտոխմբագրման և սոցիալական ցանց է, որն ունի ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր:

Հովհաննես Ավոյանը, մասնավորապես, գրում է. «Անցյալ տարի արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում ներդրումները 5 միլիարդ դոլար են կազմել, և այդ թիվը  աճում է։ 

Ներդրողների հետաքրքրությունն ապացուցում է հասարակության համար այս տեխնոլոգիաների անհրաժեշտությունը, օրինակ` ապագայի ինքնակառավարվող մեքենաների, ԴՆԹ-ի ուսումնասիրության, կլիմայի փոփոխությունների, քաղցկեղի  կանխատեսման համար:

Վերոնշյալ ոլորտներում ԱԲ-ը մեծ նշանակություն ունի, բացի այդ, այն առավել արդյունավետ է, քան ավանդական տեխնոլոգիաների կիրառումը:

Մեր ընկերությունում մենք ընդամենը երկշաբաթյա դասընթացներով, գրեթե առանց աշխատակիցների միջամտության, կարողացանք ստեղծել ԱԲ հիմքով նկարների վերափոխման նոր ֆիլտրեր: Նախկինում դա հնարավոր կլիներ իրականացնել 2-3 ինժեներների առնվազն երկու ամսվա աշխատանքի արդյունքում: ԱԲ կիրառման շնորհիվ նորաստեղծ ու ճկուն կազմակերպությունները կարողանում են մրցակցել մեծ և կայացած ընկերությունների հետ:  Օրինակ, վերջերս  NTechLab ռուսական սթարթափ ընկերությունը MegaFace դեմքի ճանաչման մրցույթում հաղթել է Google-ին:

ԱԲ կիրառական այսպիսի արդյունավետությունը  ստեղծում է տվյալների վերլուծման մասնագետների,  մեքենայական ուսուցման ինժեներների, հետազոտողների և ոլորտի այլ մասնագիտությունների մեծ պահանջարկ, ինչն իր հերթին ժամանակի հետ կփոխի համակարգչային գիտությանը: 

Ընկերությունները, որոնք արդեն կիրառում են ԱԲ նկարի վերլուծության, ձայնի ճանաչման, կիբերանվտանգության և այլ ասպարեզներում, արդեն բախվել են  համապատասխան մասնագետների բացակայության խնդրին:

Ավանդական համակարգչային ինժեներները չեն տիրապետում համապատասխան գիտելիքներին, հետևաբար նոր հմտություններով մասնագետների մեծ պահանջարկ է ձեւավորվում. հատկապես մեծ է տվյալներ վերլուծող մասնագետների պահանջարկը։ Կանխատեսվում է, որ 2018 թվականին այս մասնագետների պահանջարկը  50%-ով կգերազանցի շուկայում առկա մասնագետների քանակը: Սա նաև լավ չափանիշ է և թույլ է տալիս հասկանալ,  թե ինչո՞ւ դեռ 2012 թվականին Harvard Business Review-ն 21-րդ դարի ամենացանկալի աշխատանք  էր համարել տվյալների վերլուծման մասնագիտությունը: Տվյալներ վերլուծող մասնագետի ամենակարևոր հմտությունը տվյալների հիման վրա խնդիրը ճիշտ ձևակերպելու ու տվյալների հավաքագրման կոնտեքստը հասկանալու ունակությունն է։

Ծրագրավորումը տրամաբանական ընթացք է, իսկ տվյալների վերլուծությունը՝ հետազոտական, այդ իսկ պատճառով ԱԲ զարգացման հետ մեկտեղ առաջանում է նոր տեսակի աշխատողների պահանջարկ, սակայն համալսարաններն ու այլ կրթական հաստատություններն այդքան արագ չեն կարողանում ադապտացվել ու համապատասխան մասնագետներ պատրաստել։ 

Մրցակցային առավելություն ունենալու համար ընկերություններին հենց այսօր են անհրաժեշտ նման մասնագետներ: Նրանք չեն կարող սպասել, որպեսզի համալսարաններն այս նոր մասնագիտությամբ կադրեր պատրաստեն:  Ամենաարագ ճանապարհը մաթեմատիկայի, ֆիզիկայի և վիճակագրության մասնագետների վերաորակավորումն է:

Մեր ընկերությունն արդեն այս ճանապարհին է: PicsArt-ը Հայաստանում համապատասխան դասընթացներ է անցկացնում տվյալների վերլուծման և մեքենայական ուսուցման մասնագետների համար: Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի վերջին, և հիսուն շրջանավարտներ արդեն աշխատում են մեզ մոտ:

Նման կրթական ծրագրերի շնորհիվ մեր առջև հսկայական շուկա է բացվում, որտեղ մասնագետների պահանջարկը հրատապ խնդիր է: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում տվյալների բազաների երեք մասնագետներից մեկը օտարերկրացի է:

Կարծում եմ, որ այս ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների գլոբալ պահանջարկը բավարարելու համար համալսարանները և այլ կրթական հաստատությունները պետք է համագործակցեն խոշոր ընկերությունների հետ՝ տվյալների վերլուծման մասնագետների նոր սերունդ ձևավորելու համար: Նրանք այն մասնագետներն են, ովքեր սահմանում են մեր ապագան և փոխարինում ինժեներներին՝ այն մասնագետներին, ովքեր ռոբոտներ են ստեղծում, որոնք էլ ապագայում կկատարեն հենց իրենց աշխատանքը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ forbes.com կայքում:

Ներբեռնեք PicsArt հավելվածը iOS, Android և Windows հեռախոսների համար:

PicsArt-ի համահիմնադիր Հ. Ավոյանի հոդվածը Forbes-ում. Արհեստական բանականությունը նոր հմտությունների պահանջարկ է ստեղծում