ՆԱՍԱ-ն ցուցադրել է Չելյաբինսկի երկնաքարի քայքայման սիմուլյացիան (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ցուցադրել է «Չելյաբինսկ» երկնաքարի՝ Երկրի մթնոլորտ մտնելու սիմուլյացիան. սա երևույթի ամենամանրամասն սիմուլյացիան է մեր օրերում: Համապատասխան տեսանյութը հասանելի է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Էյմսի հետազոտական կենտրոնի պաշտոնական YouTube-ալիքում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այն իրականացվել է Pleiades ընկերության սուպերհամակարգչի և Cart3D ծրագրային ապահովման շնորհիվ: Տեսահոլովակում աստերոիդն առանձնացված է մոխրագույնով, հարվածային ալիքները՝ նարնջագույնով, դեղինով և կարմիրով: Սևով նշված են օբյեկտի քայքայվող հատվածները:
Հայտնի է, որ «Չելյաբինսկ» երկնաքարն աստերոիդի հատված է, որը 2013 թվականի փետրվարի 15-ին մտել է Երկրի մթնոլորտ: Տիեզերական մարմինը պայթել է մթնոլորտում՝ մինչև 50 կմ բարձրության վրա, ինչի արդյունքում Չելյաբինսկի մարզի տարածքի վրա ընկել են դրա բազմաթիվ բեկորները:










