Ուկրաինայի էներգետիկ ընկերությունը հայտարարել է երկրորդ կիբեռհարձակման մասին
Ուկրաինական «Ուկրէներգո» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ հինգշաբթի ենթարկվել է երկրորդ կիբեռհարձակման, որի ընթացքում օգտագործվել է մեկ այլ համակարգչային վիրուս, որը տարբերվել է երեքշաբթի Ուկրաինայի ընկերությունների վրա մասշտաբային հարձակման ժամանակ օգտագործված վիրուսից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ուկրէներգո»-ի ղեկավար Վսևոլոդ Կովալչուկը, հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրորդ հարձակումը հետևանքներ չի թողել Ուկրաինայի էներգետիկ ցանցի վրա:
«Վիրուսը փոքր-ինչ տարբեր է եղել: Դրա ազդեցությունն աննշան է եղել, քանի որ համակարգիչների մեծ մասը եղել են «ավտոնոմ ռեժիմում»,- ասել է Կովալչուկը:
Նա նշել է, որ վիրուսը նման է եղել WannaCry վիրուսին, բայց տարբերվել է հունիսի 27-ին ընկերության համակարգիչների վրա հարձակում գործած վիրուսից:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Petya համակարգչային վիրուսի միջոցով մասշտաբային հարձակում է իրականացվել ուկրաինական ընկերությունների վրա, որը տարածվել է աշխարհի մոտ 60 երկրում: Վիրուսը կաթվածահար է արել հազարավոր ընկերությունների աշխատանքը, կանգնեցրել է նավահանգիստների, գործարանների և գրասենյակների աշխատանքը:










