Tesla-ն սկսում է մատակարարել երկար սպասված Model 3 նորագույն մեքենաները (լուսանկարներ)

21:53 • 04.07.17

Ամերիկյան Tesla ընկերությունը սկսում է մեծ շուկայում իր առաջին ավտոմեքենայի` Model 3-ի վաճառքը:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, ընկերության հիմնադիր Իլոն Մասկը երկուշաբթի հայտնել է, որ նորագույն մոդելն անցել է բոլոր ստուգումներն ու փորձարկումները:

Գնորդներին շուրջ 30 Model 3 մակնիշի ավտոմեքենա կմատակարարվի մինչև հուլիսի 28-ը, որին կհետևի 1500 մեքենայի արտադրությունը սեպտեմբերին և ևս 20 000 մեքենայի արտադրությունը դեկտեմբերին:

Երբ Tesla-ն առաջին անգամ ներկայացրեց մեքենան անցյալ տարվա մարտին, շուրջ 400 000 հաճախորդ նախնական պատվեր տվեց:

Նորագույն մոդելը ներկայանալու է առնվազն 4 գույնով` կարմիր, արծաթագույն, մետալիկ մոխրագույն և սև:

Model 3-ի նախնական արժեքը կազմում է 35 000 դոլար, ևս 5000 դոլար արժե ավտոպիլոտ համակարգի տեղադրումը:

Tesla-ն 2016-ին շուրջ 80000 մեքենա է վաճառել ողջ աշխարհով մեկ, 50 000-ը` 2015-ին:

100 կմ/ժամ արագությունը Model 3-ը զարգացնում է 6 վայրկյանում: Նորագույն մեքենաները կարող են համալրվել նաև ապակյա տանիքով, ինչպես նաև խոշոր 15 դյույմ անկյունագծով պլանշետով: Վաճառքն ամերիկյան ընկերությունն սկսել է հուլիսի 3-ին:

 

 

 

Tesla-ն սկսում է մատակարարել երկար սպասված Model 3 նորագույն մեքենաները (լուսանկարներ)