Ուկրաինայի կիբեռոստիկանության հատուկ աշխատակիցները կանխել են Petya վիրուսի նոր հարձակումը. Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները կիբեռոստիկանության բաժնի հատուկ գործակալների հետ համատեղ կանխել են Petya վիրուսի կիբեռհարձակման երկրորդ փուլը, գրում է gazeta.ru-ն:
«Հարձակման ամենաակտիվ շրջանը նախատեսվում էր (երեկ) ժամը 16:00-ին: Հարձակումը սկսվել է 13:40-ին: Մինչև 15:00-ն կիբեռոստիկանությունն արգելափակել է տարածումը և վիրուսի ակտիվացումը М.Е.Doc տեղեկատվական համակարգի սերվերներից»,- հայտնել է Ավակովը:
Նա հիշեցրել է, որ ընկերության սերվերներն առգրավվել էին նախօրեին «կիբեռհանցագործների ազդեցության հետքերի հետ միասին, որոնք ակնհայտ գալիս էին Ռուսաստանից»:
Հուլիսի 4-ին Ուկրաինայի ՆԳՆ կիբեռոստիկանության բաժնի ղեկավար Սերգեյ Դեմեդյուկը հայտարարել է, որ ուկրաինական ոստիկանությունն առգրավել է М.Е.Doc ընկերության սերվերները, որը կասկածվում է Ուկրաինայում Petya վիրուսի տարածմանը ներգրավվածության համար:










