Հուսով ենք, որ սեպտեմբերին ՌԴ-ում ոչ ռուսական վարորդական իրավունքի արգելքի հարցը կլուծվի. Կարինե Մինասյան

13:44 • 06.07.17

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքի հարցը բարձրացվելու է Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի կողմից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարար Կարինե Մինասյանը:

«Այդ հարցը քննարկում ենք մեր հարթակում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, բայց այդ հարցը նաև երկկողմ բանակցություններում է քննարկվում՝ Բելառուսի, ԵԱՏՄ-ի, նաև՝ Հայաստանի կողմից»,- ասաց նա:

Նա նկատեց, որ Ռուսաստանի կողմից ստեղծված արգելքը սահմանափակում է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հնարավորությունները տնտեսական գործունեություն իրականացնելիս:

«Ռուսաստանն արդեն որոշ քայլեր արել է և հայտարարել է, որ այդ հարցը ինչ-որ չափով լուծվելու է: Այս վերջերս Ռուսաստանը եկավ եզրակացության, որ ԵԱՏՄ երկրների համար իր օրենսդրությունում կանի հատուկ փոփոխություններ, և առաջին ընթերցմամբ այդ օրենքն անցել է, և հուսով ենք, որ սեպտեմբերին այդ հարցը բոլոր վարորդների համար կլուծվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հնարավոր է՝ հունիսի 1-ից ընդունված օրենքը չի կիրառվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա: