Պուտինը փորձարկել է պաշտոնյաների համար ստեղծված լիմուզինը (լուսանկար)
Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է տեղական արտադրության լիմուզինը, որը թողարկվել է պաշտոնյաների համար՝ «Շարասյուն» («Кортеж») նախագծի շրջանակում: Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը՝ հղում անելով առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովին:
Նախարարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը դիտել է նախագծի փուլային իրականացումը:
«Ա նախատիպը» նույնիսկ վարել է, «Բ նախատիպը» չենք հասցրել ցույց տալ: Նա գոհ է մնացել մշակողների աշխատանքի արդյունքից», - ասել է նախարարը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Շարասյուն» նախագիծը, որը ենթադրում է ներկայացուցչական դասի մի շարք ավտոմեքենաների՝ լիմուզինի, սեդանի, ամենագնացի և մինիվենի ստեղծում, իրականացվում է 2012 թվականից՝ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Ենթադրվում է, որ պետության առաջին դեմքերի տեղաշարժի համար նախատեսված լիմուզինների առաջին սերիան պատրաստ կլինի 2017 թվականի վերջին- 2018 թվականի սկզբին: Փոխադրամիջոցը համալրված կլինի 800 ձիաուժ հզորությամբ շարժիչով. զրահապատ ավտոմեքենայի քաշը կլինի 6 տոննա:
Նշվում է, որ 2016 թվականին այս նախագիծը ֆինանսավորելու համար բյուջեից հատկացվել է 3,7 միլիարդ ռուբլի:












