Անթալիայում գանձագողերը քանդել են հռոմեական շրջանի պատմական ժայռապատկերները (լուսանկար)

14:00 • 10.07.17

Անթալիայում գանձագողերը քանդել են պատմական ժայռապատկերները, որոնք պատկանել են հռոմեական շրջանին, այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը։

Անթալիայի Քորքութելի շրջանում թափառող գանձագողերը փորձել են գտնել այստեղ հույներից մնացած թանկարժեք իրեր կամ ոսկի։

Մ.թ.ա. 3-րդից 1-ին դարերում փորագրված ժայռապատկերների ներքևում գանձագողերը մեծ թունել են փորել, սակայն, հավանաբար, ոչինչ չգտնելով՝ վնասել են արտաքին պատի պատկերներն ու հեռացել։



antalyada-defneciler-tarihi-eserleri-delik-desik-etti-1

Անթալիայում հուշարձանների և պատմական կառույցների ուսումնասիրմամբ զբաղվող ինստիտուտի տնօրեն Ջեմիլ Քարաբայրամն ահազանգել է, որ գանձագողությունը Թուրքիայում մտահոգիչ մակարդակի է հասել, և դրա դեմն առնելու համար անհրաժեշտ են հստակ ու կոշտ քայլեր։

antalyada-defneciler-tarihi-eserleri-delik-desik-etti-2

«Մի անգամ Վանում՝ պատմական ավերակների մոտ, տեսնեմ վզին թալիսման գցած աքլոր է վազվզում։ Այնտեղ կանգնած մարդկանց հարցրի՝ «այս ի՞նչ է»։ Ասացին, որ հայերից մնացած ոսկիները գտնելու համար գնացել ու իմամին խնդրել են օրհնել աքաղաղին ու բաց թողել այստեղ։ Չիմացա՝ ծիծաղեմ, թե արտասվեմ», - հիշում է Քարաբայրամը։

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Էրզինջան (Երզնկա - tert.am) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանքը ենթարկվել է գանձագողերի հարձակմանը։



Անթալիայում գանձագողերը քանդել են հռոմեական շրջանի պատմական ժայռապատկերները (լուսանկար)