Թուրքիայի ընդդիմության 25 օր տևած քայլերթն ավարտվել է. գրանցվել է երկրի պատմության ամենախոշոր հանրահավաքներից մեկը (ֆոտոշարք)
Նախօրեին Թուրքիայում ավարտվել է երկրի ընդդիմության կազմակերպած «Արդարության քայլերթն» ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնակալ քաղաքականության։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապեական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակիցների հետ շուրջ մեկ ամիս քայլել է ավելի քան 450 կմ և երթն ավարտել Ստամբուլի Մալթեփե շրջանում, որտեղ նրան դիմավորել են միլիոնավոր աջակիցներ։
Artikgercek.com կայքը նշում է, որ «Արդարություն» կարգախոսով հանրահավաքը կարելի է համարել Թուրքիայի պատմության ամենախոշոր ակցիաներից մեկը. հանրահավաքին մասնակցել է 2 մլն 450 հազ. քաղաքացի։ Հայտնի է, որ ևս 300.000 մարդ չի կարողացել մտնել հանրահավաքի համար նախատեսված հրապարակ։
«Բիրգյուն» պարբերականը հայտնում է, որ տեղում աշխատել է ավելի քան 16.000 ոստիկան, հանրահավաքը հսկվել է թե՛ օդից, թե՛ ցամաքից, և թե՛ ծովից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնած ու Անկարայից Ստամբուլ ձգված «Արդարության քայլերթը» տևել է ավելի քան 25 օր։
Քայլերթով երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ժողովրդահանրապետականներն իրենց բողոքն են հայտնել կուսակցությունից պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, որին իշխանությունները մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար և դատապարտել են 25 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։

















