ԱՄՆ-ում «խելացի» բարձրախոսը 911 է զանգահարել՝ տանը տեղի ունեցած վիճաբանության պատճառով
Google Home «խելացի» անլար բարձրախոսը 911 ծառայություն է զանգահարել տանը տեղի ունեցած վեճի պատճառով: Սարքը հավաքել է ծառայության հեռախոսահամարը, իսկ վեճի ձայները լսած օպերատորն ամերիկյան Ալբուկերկե քաղաքի ծայրամասում գտնվող տուն SWAT ջոկատ է ուղարկել, հայտնում է Gizmodo-ն:
Հեռախոսահամարը հավաքվել է այն բանից հետո, երբ տղամարդն իր ընկերուհու հետ վեճի ժամանակ հանել է ատրճանակը և նրա վրա ուղղել՝ ասելով՝ «Ուզում ես զանգել շերիֆի՞ն»: Բարձրախոսը լսել է «զանգել շերիֆին» խոսքերը և անմիջապես արձագանքել է:
Դեպքի վայր ժամանած իրավապահները մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ձերբակալել են տղամարդուն: Աղջկա մոտ հայտնաբերվել են թեթև վնասվածքներ:
«Արտակարգ ծառայության հետ կապի համար այդ տեխնոլոգիայի անսպասելի օգտագործումը, հնարավոր է, մարդկային կյանք է փրկել»,- միջադեպը մեկնաբանել է շերիֆ Մանուել Գոնսալեսը:










