Հայերի ստեղծած՝ ծրագրավորման լեզուներ սովորեցնող հավելվածը Facebook-ի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին

13:29 • 11.07.17

Facebook ընկերությունը հայտարարել է, որ հայ մասնագետների ստեղծած ու կոդավորում սովորեցնող SoloLearn հավելվածը հաղթել է ընկերության կողմից ամեն տարի անցկացվող FbStart մրցույթում՝ արժանանալով այս տարվա գլխավոր մրցանակին:

Ինչպես հայտնում է Tech Crunch-ը, SoloLearn-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Այն մարդկանց օգնում է տիրապետել կոդավորման գաղտնիքներին:

Ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը պատմել է, որ նման հավելված ստեղծելու գաղափարը հղացել է Հայաստանում, որտեղ գործում է ընկերությունը:

«Հավելվածի նպատակն է խաղային մեխանիկայի միջոցով սովորեցնել մարդկանց տարբեր ծրագրավորման լեզուներով կոդեր գրել: Այն առաջարկում է 12 անվճար դասընթաց՝ այդ թվում նաև JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS-ի վերաբերյալ»,-մեջբերում է աղբյուրը Քոչարյանի խոսքը:

Ընկերության համանախագահ Եվա Հյուսյանը հավելել է, որ օրական SoloLearn-ի շրջանակում տասնյակ հազարավոր ինտերակտիվ «վարժություններ» են լուծվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածից օգտվում է 17 մլն մարդ, նրանցից 1.5 մլն-ը՝ ամեն օր: Օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը`ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայից:

Նշվում է, որ Facebook-ի FbStart ծրագիրը, որի շրջանակում անցկացվում է մրցույթը, հնարավորություն է տալիս մինչև 100.000 դոլար շահել բիզնեսը զարգացնելու համար:

Հայտնի է, որ այս տարվա մրցույթին մոտ 900 մասնակցության հայտ է ուղարկվել 87 երկրից:

Հայերի ստեղծած՝ ծրագրավորման լեզուներ սովորեցնող հավելվածը Facebook-ի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին