Ռուսաստանում մինչև 2018թ. վերջ քաղցկեղի բուժման համար ռոբոտ-վիրաբույժ կներկայացվի. «Իզվեստիա»

11:59 • 14.07.17

Հաջորդ տարի Ռուսաստանում գործածության կդրվի «Օնկոռոբոտ» համակարգը, որի շրջանակում ռոբոտ-վիրաբույժը կօգտագործվի շագանակագեղձի քաղցկեղի կոնտակտային ճառագայթային թերապիայի անցկացման համար:

Ինչպես նշում է «Իզվեստիա»-ն, այս մասին հայտնել է Ռոբոտատեխնիկայի և տեխնիկական կիբեռնետիկայի կենտրոնական գիտահետազոտական և փորձաշինական ինստիտուտի ներկայացուցիչը, որի խոսքով՝ մասնագիտացված բուժհաստատություններն արդեն հետաքրքրվում են նոր մշակմամբ:

Հայտնի է, որ ռոբոտ-վիրաբույժի փորձարարական նմուշը պատրաստ կլինի մինչև 2018թ. վերջ, մինչդեռ դրա փորձարկումները կտևեն մոտ 1 տարի:

Նշվում է, որ կառավարման համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակի ռեժիմում կառավարել վիրաբուժական գործիքի շարժումները:

Ռոբոտ-վիրաբույժն իրենից կներկայացնի շարժունակության 6 աստիճանով մանիպուլյատոր՝ համալրված հիվանդի փափուկ հյուսվածքներում ասեղի շարժումների կառավարման մեխանիզմով: Համակարգը կկարողանա աշխատել ձեռքի, կիսավտոմատ և ավտոմատ ռեժիմներում:

Ռուսաստանում մինչև 2018թ. վերջ քաղցկեղի բուժման համար ռոբոտ-վիրաբույժ կներկայացվի. «Իզվեստիա»