Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով. ԵՄ դեսպան
Հետխորհրդային երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան, այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Իր բացման խոսքում ԵՄ դեսպանը ասաց, որ սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: «Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է, դա ուժեղ ներուժ է:
«Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է»,- ասաց դեսպանը և նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ նոր օրենքը ստեղծարար, ինչպես նաև ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է բացում նրանց համար:
«Երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր է: Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն զգայական կարող է դառնալ, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց նա և նշեց, որ քաղհասարակությունը դժվար երևույթ է և նրանց հետ գործ ունենալը դժվար է, երբեմն նրանց ներսում է երկխոսությունը բարդ, սակայն հենց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան փոխում է հասարակությունում:
«Եվրամիությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակությանը, առկա են մի շարք առաջնահերթություններ»,-ասաց նա: Թվարկելով առաջնահերթությունները՝ ԵՄ դեսպանն առաջինը համարեց փոքր ՀԿ-ները, երկրորդը՝ մարզերը և նշեց, որ ցանկանում են հասնել քաղաքացիական ակտիվությանը նաև մարզերում: Որպես երրորդ գաղափար նա նշեց սոցիալական ձեռնարկատիրությունը։ Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ուշադրություն է դարձվում երիտասարդներին, կանանց և փոքրամասնություններին:
«Հայաստանն իր կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի եթե ավելի ներդրումներ կատարեն երիտասարդների շրջանում, կարելի է ասել երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը դեռ լիարժեքորեն չի օգտագործվել»,- ասաց նա:
Դեսպանը քաղաքացիական ակտիվիզմի առումով ԵՄ-ի առաջատար երկրներից մեկը համարեց Չեխիան և նշեց, որ ուրախ են, որ Չեխիան ցայտուն դերակատարում կունենա այդ հարցում:










