Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը պատմել է, որ իր մեդալը վաճառել է այլ գիտնականներին օգնելու համար
Հայտնի գիտնական, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը պատմել է, թե ինչու է երեք տարի առաջ վաճառել իր նոբելյան մրցանակը:
Ջեյմս Ուոթսոնը համարվում է ժամանակակից կենսաբանության և գենետիկայի հիմնադիրներից մեկը։ 1953 թվականին նա Ֆրենսիս Կրիկի և Մորիս Ուիլքինսի հետ բացահայտել է ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը։ Ավելի ուշ նա իրականացրել է մոլեկուլային կենսաբանության մեջ մի շարք կարևոր հայտնագործություններ։ 2014 թվականին Ուոթսոնն աճուրդի էր հանել իր մեդալը։ Ամերիկացի գենետիկը վաճառել էր մեդալն ի նշան իրեն ուղղված քննադատությունների դեմ բողոքի, որոնք հնչում էին արևմտյան լրատվամիջոցների ու գիտական շրջանակների կողմից։ Մեդալը գնել էր ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը՝ ավելի քան 4 մլն դոլարով, և այն վերադարձրել գիտնականին։
РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում գիտնականն անկեղծացել է ու նշել, որ այդ քայլին է գնացել աշխարհի մյուս գիտնականներին օգնելու համար:
«Իմ գլխավոր նպատակն այս գործում այն էր, որ ես առավելագույն կերպով կարողանամ օգնել գիտությանն ու մինչև իմ մահը հասցնեմ բաժանել այն գումարը, որ դեռ իմ տնօրինության տակ է: Այլ բաների մասին ես խոսել չեմ ցանկանում», - ասել է լեգենդար գիտնականը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ու ամերիկացիները հաճախ ցանկանում են լուծել անլուծելի հարցեր և հրաժարվում են տեսնել մարդկանց միջև եղած տարբերությունը:
Ուոթսոնը նաև նշել է, որ երբ կապիտալիզմը մուտք է գործում գիտություն՝ գիտությունը մահանում է:
Ջեյմս Ուոթսոնի ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:










