Ներկայացվել է Google Glass-ի նոր սերունդը
Alphabet ընկերությունը հայտարարել է Google Glass Enterprise Edition «խելոք» ակնոցի նոր տարբերակի թողարկման մասին. մշակողներն ամբողջովին փոփոխել են սարքը և բարելավել դրա բնութագրերը: Այս մասին հայտնում է Wired-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթի գլխավոր տարբերությունը 2013 թվականին թողարկված Explore Edition-ից մոդուլը շրջանակից անջատելու հնարավորությունն է: Այս կերպ Google Glass-ը կարելի է միացնել պաշտպանող կամ օպտիկական ակնոցին:
Դրանից բացի, մշակողներն ավելի հզոր պրոցեսոր և բարելավված Wi-Fi մոդուլ են տեղադրել Google Glass EE-ում: Սարքի կորպուսի վրա ցուցիչ է տեղադրվել, որն ազդարարում է տեսահոլովակի նկարահանման սկիզբը:
Alphabet-ի ներկայացուցչի խոսքով՝ սարքերն արդեն օգտագործում են GE, Boeing, DHL և Volkswagen ընկերությունների աշխատակիցներն ԱՄՆ-ում: Սարքերի օգնությամբ աշխատակիցները կարող են արագ օգնություն խնդրել և երթուղի գծել:
Նշվում է, որ Google Glass-ը ներկայացվել է 2012 թվականին, իսկ առաջին նախատիպերը հայտնվել են 2013 թվականի փետրվարին: Սարքը նախատեսված է եղել զանգվածային շուկայի համար, սակայն բարձր գնի (1.5 հազար դոլար) և մի շարք այլ խնդիրների պատճառով Google-ը սառեցրել է նախագիծը 2015 թվականի հունվարին:










