iPhone-ի նոր մոդելի արտադրության ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել. ԶԼՄ-ներ
Apple ընկերության iPhone սմարթֆոնի նոր մոդելներից մեկն այս տարի զգալիորեն տարբերվելու է նախկին մոդելներից: Բացի այդ՝ այն ստեղծելու ընթացքում որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Նոր մոդելը, հավանաբար, ունենալու է օրգանական միացություններից պատրաստված OLED էկրան, որը զբաղեցնելու է ողջ առջևի հատվածը:
Ինչպես նշում է Wall Street Journal-ը, խնդիր է առաջացել iPhone-ի առջևի կոճակի հետ, որտեղ ներդրվում է TouchID սքաներ, որը կարողանում է տարբերել սեփականատիրոջը մատնահետքով:
«Apple-ի մասնագետների մոտ, հաղորդումների համաձայն, խնդիրներ են առաջացել սքաները աշխատեցնելու հետ կապված այնպիսի պայմաններում, երբ այն փակ է ապակու շերտով: Դա կարող է ստեղծել արտադրական դժվարություններ»,- գրում է Wall Street Journal-ը:
Արդյունքում՝ նոր մոդելի շնորհանդեսը հնարավոր է սեպտեմբերից հետաձգվի ավելի ուշ ժամկետի:
Wall Street Journal-ի տեղեկություններով՝ նոր մոդելի գինը կազմելու է մոտ 1 հազար դոլար: BayStreet Research հետազոտական ընկերության ներկայացուցիչներից մեկի կարծիքով՝ այդ մոդելն իր արժեքով համեմատելի է լինելու MacBook համակարգչի հետ և դառնալու է ԱՄՆ-ում iPhone-ի ամենաթանկ մոդելը:










