Սան Մարինոն աշխարհում առաջինը կանցնի 5G ցանցի
Եվրոպայում Սան Մարինո Հանրապետությունն աշխարհում առաջինն ամբողջ երկրի տարածքում կտեղակայի 5G ցանցեր: Սպասվում է, որ երկիրը նոր սերնդի ցանցերի կանցնի 2018 թվականի վերջին, գրում է korrespondent.net-ը:
Կապի տեղի օպերատոր Telecom Italia Mobile-ը (TIM) մտադիր է երկիրն օգտագործել որպես հարթակ նոր տեխնոլոգիայի փորձարկումների համար:
TIM ընկերության տեխնիկական տնօրեն Ջովանի Ֆերիգոյի խոսքով՝ Եվրոպան կարևոր դեր է խաղացել 2G տեխնոլոգիայի զարգացման հարցում, բայց այնուհետև զիջել է ասիական երկրներին 3G-ի դեպքում և ԱՄՆ-ին՝ 4G-ի դեպքում:
«5G-ով մենք մտադիր ենք Եվրոպային առաջատար դիրք վերադարձնել չափորոշիչների ստեղծման ոլորտում»,- ասել է նա:
Կայքը նշում է, որ բջջային օպերատորները փորձարկում են 5G-ն ողջ աշխարհում, ամենաշատ ակտիվությունը ցուցաբերում են Հարավային Կորեայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ընկերությունները:
Եվրահանձնաժողովի գնահատականներով՝ ցանցերի նոր սերնդի անցնելու տնտեսական օգուտները կկազմեն 113 միլիարդ եվրո 2025 թվականին:










