Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումն սկսվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումն սկսվել է: Tert.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ոստիկանական ուժերի, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի միջոցով սեղաններն ու շուկայի մինչև կեսը տեղադրված գույքն արդեն ապամոնտաժվել է, տաղավարները դեռ տեղում են:
Բնակիչներն ընդդիմանում են, անգամ փորձում են փակել հատուկ տեխնիկայի ճանապարհը, սակայն ոստիկանների միջոցով բնակիչները հեռացվում են, և ապամոնտաժումը շարունակվում է:
Քաղաքապետարանի աշխատակիցները բնակիչներին ու լրագրողներին բացատրություն չեն տալիս, թե ինչու և որքան աշխատանք է իրականացվելու, այլ հորդորում են բոլոր հարցերի պատասխաններն իմանալ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Տեղի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղաշարժվելու հնարավորությունն էլ է սահմանափակված.« Մեզ հայտնել են, թե նոր կոյուղի են կառուցելու, դրա համար փորում են շուկան, փակում են ճանապարհը, անգամ չեն թողնում տուն գնանք»:
Առևտրային գործունեություն ծավալող քաղաքացիներից մեկն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն իրենց չի ընդառաջել, անգամ իրենց խնդրած ժամանակը չի տրամադրել.«Խնդրել էինք մինչև դեկտեմբեր ժամանակ տալ, որպեսզի առևտրով զբաղվեինք և վարկերը մարեինք, սակայն տեսեք բռնի ուժով մեզ զրկում են հացի փող վաստակելու իրավունքից»:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունությանը: Քաղաքապետն ասել էր, որ հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ և հանձնարարել էր բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:


.jpg?1500462010998)












