Առևտրականների 90%-ը պարտքերի տակ էր, չէր կարելի նման ձևով վարվել. ֆիրդուսցիները բողոքի ակցիա անցկացրին կառավարության դիմաց (տեսանյութ)

13:11 • 20.07.17

Երևանի «Ֆիրդուսի» շուկայի առևտրականները և թաղամասի բնակիչներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանին և ներկայացնել իրենց խնդիրը:

«Երկու օր է անգործ, անբան, առևտրականների 90 տոկոսը վարկերի ու պարտքերի տակ էր, չէր կարելի նման ձևով վարվել»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից մեկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանական ուժերի, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի միջոցով սկսվել է Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումը, որը շարունակվում է նաև այսօր:

«Ֆիրդուսի» շուկայում առևտրով զբաղվողները քաղաքապետարանից մինչև դեկտեմբեր ժամանակ էին խնդրել՝ ապրանքն իրացնելու համար, բայց քաղաքային իշխանություններն ընդառաջ չգնացին ֆիրդուսցիների խնդրանքին:

«Առաջարկել են այլ տեղերում շարունակել աշխատանքը՝ Երևան տոնավաճառում, Առինջ մոլում, բայց մենք այդտեղ չենք կարող աշխատել: Վարձերն են շատ բարձր, բացի այդ մեր ապրանքները չենք կարող այդ տոնավաճառներում վաճառել»,- նշեցին առևտրականները:

Տարածքի բնակիչներն էլ կառավարությունից պահանջում են կազմակերպել իրենց հետ պայմանագրեր կնքելու գործընթացը, որպեսզի չնչին փոխհատուցում չստանան իրենց տների դիմաց, ինչպես թաղամասի նախկին բնակիչներից շատերի հետ եղավ: