Մասկը Նյու Յորքի և Վաշինգտոնի միջև թունելի կառուցման համար նախնական թույլտվություն է ստացել ԱՄՆ կառավարությունից

10:13 • 21.07.17

Ամերիկյան SpaceX, Tesla և The Boring Company ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է ԱՄՆ-ի իշխանություններից իր Hyperloop նախագծի համար Նյու Յորքի և Վաշինգտոնի միջև թունելի կառուցման բանավոր թույլտվություն ստանալու մասին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ում:


«Հենց նոր ստացա Նյու Յորք-Ֆիլադելֆիա-Բալթիմոր-Վաշինգտոն ստորգետնյա ճյուղի կառուցման համար կառավարության բանավոր թույլտվությունը: Այն անցնելու է մի քաղաքի կենտրոնից մյուս քաղաքի կենտրոն: Յուրաքանչյուր քաղաքում ստեղծվելու են մուտքի և ելքի համար տասնյակ վերելակներ»,- գրել է Մասկը:


Գերարագ ուղևորատար գնացքի նախագծի մասին Մասկը հայտարարել էր դեռևս 2013 թվականին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում Hyperloop One ընկերությունը իրականացրել է վակուում տարածության մեջ ընթացքող գերարագ գնացքների համակարգի առաջին փորձարկումը:  Ուղևորների փոխադրման համար նախատեսված գնացք-պարկուճը 113 կմ/ժամ արագություն է զարգացրել: Փորձարկման հաջորդ փուլում նախատեսվում է արագությունը հասցնել մինչև 400 կմ/ժամի:

Մասկը Նյու Յորքի և Վաշինգտոնի միջև թունելի կառուցման համար նախնական թույլտվություն է ստացել ԱՄՆ կառավարությունից