Պատրաստի՛ր ինքդ. չինացին իր ուժերով սուպերքար է հավաքել (լուսանկարներ)

16:02 • 22.07.17

Չինացի Չեն Ինսին մանկուց երազել է սուպերքարի մասին և հասել է իր երազանքին՝ առանց անհրաժեշտ գումարն ունենալու. նա ուղղակի հավաքել է այն իր ձեռքերով: Big Picture-ը անդրադարձել է հետաքրքիր պատմությանը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դպրոցից հետո Չենը քոլեջ է ընդունվել՝ նպատակ ունենալով ավտոմեքենաների դիզայներ դառնալ, սակայն նա սովորել է ընդամենը երկու տարի. նրա հորն օգնություն է պետք եղել, և երիտասարդը ստիպված է եղել թողնել ուսումը:

Սակայն Չենը չի դադարել երազել, և համացանցի միջոցով ձեռք բերելով էլեկտրաքարի ձախողված նախագծից մնացած մասերը՝ նա սկսել է հավաքել փոխադրամիջոցի թափքը:

Երիտասարդն աշխատել է մոտ կես տարի՝ ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 5 հազար դոլար:

Չենի հավաքած ավտոմեքենան ստացել է Hainan Xiaohuohua անվանումը: Հատկանշական է, որ փոխադրամիջոցի կլորավուն թափքը պատրաստված է ածխապլաստիկից:

Նշվում է, որ Չենը ներկայացրել է իր ավտոմեքենան Hainan International Automotive Industry Exhibition ավտոշոուի ժամանակ, և այն անմիջապես հայտնվել է ցուցադրության մասնակիցների և հանդիսատեսի ուշադրության կենտրոնում:

 

 

 

 

 

 

 

Պատրաստի՛ր ինքդ. չինացին իր ուժերով սուպերքար է հավաքել (լուսանկարներ)