Ցուկերբերգը քննադատել է մարդկությանն ուղղված «առանցքային սպառնալիքի» վերաբերյալ Իլոն Մասկի խոսքերը
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի տեսակետն առ այն, որ մարդկության համար առանցքային սպառնալիքն արհեստական բանականությունն է: Այս մասին Ցուկերբերգն ասել է Facebook Live-ի ուղիղ եթերում, հայտնում է CNBC հեռուստաալիքը:
Ցուկերբերգը ոչ միայն անպատասխանատու է անվանել «աշխարհի վերջը» կանխատեսելու փորձերը, այլ նաև ընդգծել ապագայում արհեստական բանականության դրական դերը մարդկության համար:
«Արհեստական բանականությունը կբարելավի մեր կյանքն ապագայում, իսկ աշխարհի վերջը կանխատեսելը շատ անպատասխանատու է», - ասել է Ցուկերբերգը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, որը խնդրել է մեկնաբանել Մասկի խոսքը:
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտնել է, որ արհեստական բանականությունն ապագայում հիմնական սպառնալիքն է մարդկության համար, և իշխանություններին կոչ արել պետական վերահսկողություն սահմանել այս ոլորտում:










