«Կասպերսկի լաբորատորիան» ամբողջ աշխարհում գործարկում է անվճար հակավիրուս
«Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը պատրաստվում է ամբողջ աշխարհում գործարկել անվճար Kaspersky Free հակավիրուսը, ասվում է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկու բլոգում:
Նրա խոսքով՝ անվճար հակավիրուսը չի մրցակցի վճարովի տարբերակների հետ, քանի որ վերջիններն ունեն հավելյալ գործառույթներ:
«Կա օգտատերերի զգալի քանակ, որը 2.000 ռուբլի չունի պրեմիալ պաշտպանություն ստանալու համար, ինչի պատճառով ստիպված է ներբեռնել անորակ կեղծված հակավիրուսներ և նույնիսկ օգտագործել ակտիվ առաջարկվող Microsoft Windows Defender-ը»,- նշել է Կասպերսկին:
Հայտնի է, որ նախորդ տարի իրականացվել է անվճար հակավիրուսի գործարկման պիլոտային ծրագիրը, որը հասանելի է եղել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի համար: Կասպերսկու խոսքով՝ անվճար հակավիրուսը սպառվել է մի քանի մլն օրինակ խմբաքանակով:










