ՌԴ կենսաբանները բացահայտել են Բալթիկ ծովի «արյունոտ մակընթացությունների» գաղտնիքը
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բջջաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են՝ որն է Բալթիկ ծովի «արյունոտ մակընթացությունների» գաղտնիքը: Պարզվել է, որ կարմիր մակընթացությունների և անձրևների պատճառը թունավոր կարմիր ջրիմուռներն են, որոնք իրենց բացարձակ ամենակերության շնորհիվ արագ տարածվում են Երկրի ծովերում և օվկիանոսներում: Այս մասին ասվում է Estuarine, Coastal and Shelf Science ամսագրում հրապարակված հոդվածում:
«Պարզվել է, որ Prorocentrum դինոֆլագելյատները կարող են սնվել ինչպես անօրգանական միացություններով և ջրում լուծված ազոտով, այնպես էլ օրգանական նյութերով, այդ թվում՝ տարածված պարարտանյութ հանդիսացող միզանյութով: Եթե ջրում բավական անօրգանական միացություններ չկան, այս տեսակը սկսում է սնվել միզանյութով: Ահա թե ինչու գոյություն չունեն պայմաններ, որոնցում դրանց համար անհարմար կլինի», - պատմել է գիտնական Սերգեյ Սկառլատոն:
Գիտնականի խոսքով՝ «կարմիր մակընթացությունները» շատ վնասակար են այլ տեսակի մանրէների, ինչպես նաև՝ ձկների և թռչունների համար: Պատճառն այն է, որ այս մանրէները նյարդապարալիտիկ թույն և մի շարք այլ վտանգավոր նյութեր են արտադրում:
«Ապագայում նոր տվյալներ հավաքելով՝ ցանկանում ենք մոդել ստեղծել, որը կարող է կանխագուշակել՝ երբ և ինչ պայմաններում այս պոտենցիալ թունավոր օրգանիզմները կսկսեն բազմանալ հատկապես ինտենսիվորեն: Այդ ժամանակ կկարողանանք կանխատեսել գործընթացը և ապագայում այն կարգավորելու միջոց գտնել», - եզրափակել է Սկառլատոն:










