Apple-ի գլխավոր դիզայները բացահայտել է ականջակալների ստեղծման հարցում ոգեշնչման գլխավոր աղբյուրը
Apple ընկերության դիզայնի գծով գլխավոր տնօրեն Ջոնի Այվը պատմել է, որ EarPods և AirPods ականջակալները ստեղծելիս իրեն ոգեշնչել է «Աստղային պատերազմների» հարձակվողների կերպարը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Այվն անձամբ պատմել է այս մասին ֆանտաստիկ սագայի յոթերորդ մասի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին: Դրանից բացի, նա հայտնել է իր մաղթանքները ֆիլմի վերաբերյալ և մի քանի խորհուրդ տվել Աբրամսին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դիզայների շնորհիվ Կայլո Ռենի սուսերի վրա հայտնվել է հավելյալ մաս բռնակի հատվածում, և այն ոչ կայուն տեսք ունի:
«Նա ցանկանում էր, որ լուսային սուսերն ավելի կոպիտ դառնա և փայլփլի», - ասել է Ջեյ Ջեյ Աբրամսը:
Ընդ որում՝ «Աստղային պատերազմները. Ուժի զարթոնք» ֆիլմի կոստյումների նկարիչ Մայքլ Կապլանը պատմել է, որ աշխատելու ժամանակ իրեն ոգեշնչել են Apple-ի ապրանքները: Այսպես, ֆիլմի յոթերորդ մասի հարձակվողների կերպարը ստեղծելիս ինքն անընդհատ հարցրել է իրեն՝ ինչպես կանեին Apple-ում:
Հայտնի է, որ Apple-ը ներկայացրել է անլար AirPods ականջակալները 2016 թվականի սեպտեմբերին:












