Ծեծկռտուք Էրեբունու դատարանում. լեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերին հեռացրին նիստերի դահլիճից (տեսանյութ)

15:09 • 01.08.17

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին գործով տուժող Էմմա Աբրահամյանը, ով մահացած Եղիշե Խաչատրյանի մայր է, պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Նրան հարցեր էին ուղղում ամբաստանյալի պաշտպանները:

Ամբաստանյալ Խաչատուր Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցեր էր տալիս Էմմա Աբրահամյանին, թե ինչպես է օգնել որդուն և միաժամանակ նկատել, թե որտեղից ու ովքեր են եկել:




«Վեցն էլ հարձակվել ու ծեծում էին որդուս, մի պահ ինձ թվաց, թե գալիս են օգնելու»,-ասաց Աբրահամյանը:

Հերթական հարցի ժամանակ նիստերի դահլիճում նստածներից մեկը միջամտեց, թե դատարանը չի՞ տեսնում, որ հարցաքննվող կինը հուզվում է. «Մեղք չի՞ էս կինը»:

Այդ միջամտության հաջորդեց կողմերի միջև փոխադարձ հայհոյանքներն ու ծեծկռտուքը:

Ամբաստանյալների հարազատները մեղադրում էին տուժող կողմին, որ սուտ ցուցմունքներով դատապարտել են տալիս երիտասարդներին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները մեծ դժվարությամբ կարողացան կողմերին բաժանել ու հեռացնել նիստերի դահլիճից:

Հարազատները միմյանց ուղղությամբ նետում էին իրեր, հարվածում միմյանց:

Նշենք, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը: