Ցուցադրվել է Tesla Model 3 էլեկտրական մեքենայի ինտերիերը (տեսանյութ)

12:44 • 01.08.17

Ամերիկյան Tesla ընկերությունը հրապարակել է Tesla Model 3 էլեկտրական մեքենայի ինտերիերը ցուցադրող լուսանկար և տեսանյութ, որոնք ցույց են տալիս, թե ինչ հեղափոխական մոդել է այն իրականում, գրում է dailymail.co.uk-ը։ 


Էլեկտրական մեքենայի կառավարման պանելի վրա բացակայում են այն բոլոր առանձնահատկությունները, որոնք կարելի էր տեսնել մինչ այս թողարկվող բոլոր ավտոմեքենաներում: Այն չունի արագաչափեր կամ մանոմետրեր, և սեփականատերը կարիք չունի բանալի օգտագործել, փոխարենը՝ նա ապավինելու է իր հեռախոսին, որը միանալու է Bluetooth-ի միջոցով վարորդի մոտենալուն պես:


Անտեսանելի է նաև օդափոխման համակարգը:


Ավտոմեքենան վարելու համար վարորդների համար նախատեսված բոլոր հատուկ գործիքները փոխարինվել են մեկ թաչսքրին դիսփլեյով: Էկրանը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ արագությունից մինչև ավտոմեքենայի լիցքավորման մասին տեղեկություն: Այն հեշտությամբ կարելի է կառավարել՝ օգտագործելով ղեկի երկու կողմերում գտնվող երկու կոճակները կամ «թաչ փադի» միջոցով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Tesla ընկերությունն սկսել է իր առաջին Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը: Ուրբաթ՝ հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Կալիֆորնիայում գտնվող գործարանում գնորդներին է փոխանցել առաջին 30 ավտոմեքենան: Նա նշել է, որ Tesla-ն ստացել է արդեն նոր մոդելի ավելի քան կես միլիոն նախնական պատվեր:


Model 3-ի հիմնական տարբերակի արժեքը լինելու է 35 հազար դոլար: Դա 2-4 անգամ էժան է Tesla-ի նախկին երկու մոդելներից՝ Model S-ից և Model X-ից: Model 3-ի մարտկոցի լիցքավորումը նախատեսված է 345 կիլոմետրի համար:


Լրացուցիչ 9 հազար դոլարի դիմաց կարելի է ստանալ ավելի հզոր մարտկոց, որը կբավարարի 499 կիլոմետրի համար: Էլեկտրամեքենայի արագությունը կարող է հասնել 5,6 վայրկյանում 96,5 կմ/ժամի, իսկ հիմնական մոդելի առավելագույն արագությունը 209 կմ/ժամ է:

 

 

 

 

Ցուցադրվել է Tesla Model 3 էլեկտրական մեքենայի ինտերիերը (տեսանյութ)