Հրապարակվել են «Լարսեն Սի» սառցաշերտից պոկված այսբերգի լուսանկարները (տեսանյութ)

12:57 • 02.08.17

Բրիտանացի գիտնականները հրապարակել են «Լարսեն Սի» (Larsen C) սառցաշերտից պոկված А68 անունով այսբերգի լուսանկարները:

Ինչպես գրում է Nature Climate Change-ը, Եվրոպական տիեզերական գործակալության տրամադրած լուսանկարները փաստում են, որ սառցաշերտի վրա առաջացած ճաքերը շարունակում են աճել:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ աղետի բուն պատճառը կարող են լինել ոչ թե կլիմայական փոփոխությունները, ինչպես ենթադրվում էր, այլ աճի բնական ցիկլն ու սառցաշերտի տրոհումը:

Լիդսի համալսարանի գիտաշխատողներից Աննա Հոգի կարծիքով՝ լողացող սառցե շելֆերը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։ Այս ամենը կարող է ազդել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա. արդեն 2100թ.-ին դրա մակարդակը կարող է ավելանալ 0.5 մետրով:


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հաղորդվել էր, որ Անտարկտիկայից պոկվել է պատմության մեջ ամենամեծ սառցաբեկորներից մեկը, որը 4 անգամ ավելի մեծ է Լոնդոնից և իր չափով համարժեք է Ուելսի զբաղեցրած տարածքի մեկ քառորդին: Մոտավորապես 6.000ք/կմ մակերեսով բեկորն անջատվել է «Լարսեն Սի» (Larsen C) շելֆից: Արդյունքում գոյացել է մարդկությանը երբևէ հանդիպած մեծագույն սառցաբեկորներից մեկը:


Նշվում է, որ գիտնականները վաղուց էին կանխատեսել դրա անջատումը հիմնական շելֆից: Առաջին անգամ ճաքը նկատվել էր 2011թ., իսկ 2014թ. սկսած այն սկսել էր արագ մեծանալ:

 



Հրապարակվել են «Լարսեն Սի» սառցաշերտից պոկված այսբերգի լուսանկարները (տեսանյութ)