Tesla Model 3-ում «գաղտնի» տեսախցիկը հետևելու է վարորդին (լուսանկար)

16:34 • 04.08.17

Tesla Model 3 էլեկտրամեքենան ստացել է «գաղտնի» տեսախցիկ` վարորդին հետևելու համար: Տեսախցիկի մոդուլը ներդրված է առաջնամասում տեղադրված հայելու հետին հատվածում, հայտնում է SlashGear-ը:


Արտադրողներն ավտոմեքենայի շնորհանդեսի ժամանակ այդ տեսախցիկի մասին չեն նշել: Այն հայտնաբերել են թեստավորողները և նորույթի առաջին սեփականատերերը:


Նշվում է, որ տեսախցիկը նախատեսված է վարորդին ավտոպիլոտով երթևեկելիս հետևելու համար: Կախված վարորդի գլխի դրությունից, նրա դեմքի արտահայտությունից՝ համակարգն ուսումնասիրում է ավտոմեքենայի կառավարման գործընթացին նրա ներգրավվածության աստիճանը:


Եթե վարորդը երկար ժամանակով շեղվում է, ավտոպիլոտը կարող է նրան նախազգուշացում անել կամ ավտոմեքենան կանգնեցնելու միջոցներ ձեռնարկել:


Դրանով, սակայն, տեսախցիկի հնարավորությունները չեն սահմանափակվում: Հաղորդվում է, որ այն կարող է վերահսկել ոչ միայն վարորդին, այլև ամբողջ սրահը, ինչը թույլ կտա ապահովել անհրաժեշտ անվտանգությունը Tesla Network ծառայության շրջանակում կարճաժամկետ վարձույթի կամ ուղևորներ տեղափոխելու ժամանակ:


Այժմ այդ տեսախցիկն ակտիվ չէ: Այն մտադիր են գործարկել ծրագրային ապահովման թարմացումները թողարկելու ժամանակ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Tesla ընկերությունն սկսել է իր առաջին Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը: Հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Կալիֆորնիայում գտնվող գործարանում գնորդներին է փոխանցել առաջին 30 ավտոմեքենան: Նա նշել է, որ Tesla-ն ստացել է արդեն նոր մոդելի ավելի քան կես միլիոն նախնական պատվեր:


Model 3-ի հիմնական տարբերակի արժեքը լինելու է 35 հազար դոլար: Դա 2-4 անգամ էժան է Tesla-ի նախկին երկու մոդելներից՝ Model S-ից և Model X-ից: Model 3-ի մարտկոցի լիցքավորումը նախատեսված է 345 կիլոմետրի համար:


Լրացուցիչ 9 հազար դոլարի դիմաց կարելի է ստանալ ավելի հզոր մարտկոց, որը կբավարարի 499 կիլոմետրի համար: Էլեկտրամեքենայի արագությունը կարող է հասնել 5,6 վայրկյանում 96,5 կմ/ժամի, իսկ հիմնական մոդելի առավելագույն արագությունը 209 կմ/ժամ է:

 

 

Tesla Model 3-ում «գաղտնի» տեսախցիկը հետևելու է վարորդին (լուսանկար)