Չարտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 3-րդ տեղում է

09:02 • 04.08.17

Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: 

«Հայաստանում հենության ցուցանիշը բավականին բարձր է, կազմում է 86 տոկոս: Հայաստանից առաջ են միայն Վենեսուելան և Զիմբաբվեն ըստ անցած տարվա BSA կազմակերպության հրապարակած տվյալների»,- ասում է Լիանա Կորկոտյանը


BSA կազմակերպության հետազոտությունը փաստում է, որ 2015 թվականին Հայաստանի համակարգիչներում ներբեռնված ծրագրերի 86 տոկոսը կեղծ է և ոչ արտոնագրված: Դրանց օգտագործումն ունի մի շարք բացասական հետևանքներ, որոնք մասնավորեցնում է «Microsoft»-ի գրասենյակի ղեկավարը:

«Նախ, հենությունը լրջորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համատեքստում, քանի որ միշտ ուշադրություն են դարձնում հեղինակային իրավունքի պաշտպանության և հենության ցուցանիշներին, ինչպես նաև առաջացնում է տարբեր կիբերռիսկեր»,- նշում է «Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցիչը:

Չնայած հենության բարձր ցուցանիշին, վերջին մոտ 10 տարիների ընթացքում հենության հետ կապված իրավիճակը մի փոքր բարելավվել է: Մասնավոր ու հասարակական հատվածների հետ մեկտեղ, հենության դեմ պայքարում անմասն չեն նաև Հայաստանի պետական կառույցները:

«Սերտորեն համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ: Ընդգծեմ, որ նրանք էլ են գիտակցում այս խնդրի կարևորությունը: Անցած տարի կազմակերպեցինք մի քարոզարշավ հիմնականում միջին և խոշոր բիզնեսների շրջանակում՝ փորձելով խրախուսել արտոնագրված ծրագրերի սպասարկման օգտագործումը»,- հայտնում է Կորկոտյանը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 

 

Չարտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 3-րդ տեղում է