2.000 ժամ, 280.000 խորանարդիկ. ինչպես կարելի է Legօ-ով իրական չափերի McLaren սուպերքար հավաքել (լուսանկարներ, տեսանյութ)
Գերարագընթաց ու թանկարժեք մեքենաների արտադրությամբ զբաղվող McLaren Automotive ընկերությունը տեսանյութով ցուցադրել է՝ ինչպես է հնարավոր իրական չափերի McLaren 720S սուպերքար հավաքել՝ օգտագործելով 280.000 հատ Lego-ի խորանարդիկ:
Ինչպես նշում է motor.ru-ն, բացառիկ մեքենան հավաքելու համար պահանջվել է 2.000 ժամ, սակայն ամբողջ գործընթացը խտացվել է 1 րոպեանոց տեսանյութում: Հայտնի է, որ մեքենան հավաքվել է պողպատե շրջանակի հիմքի վրա ու կշռում է 1.6 տոննա:
Բացի այդ, մեքենային իրական տեսք հաղորդելու համար դրան ամրացվել են իսկական անվահեծեր՝ Pirelli PZero Corsa անիվներով:
Մեքենան ցուցադրվել է հուլիսի սկզբին՝ Գուդվուդի արագության փառատոնի ժամանակ, սակայն համապատասխան տեսանյութը հրապարակվել է հիմա:













