Facebook-ը սեփական տեսածառայությունն է գործարկել
Facebook ընկերությունը ներկայացրել է տեսանյութերի դիտման համար Watch նոր ծառայությունը: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրությունում:
Watch-ը կաշխատի թե բջջային հեռախոսներով, թե նոթբուքերով, և թե համակարգիչներով: Ծառայության հասանելիությունը կարելի է ստանալ բջջային սարքերից, համակարգիչներից և Facebook հավելվածն ունեցող հեռուստացույցներից, ասված է ընկերության հաղորդագրությունում:
Ծառայությունն ուղղված է պարբերական տեսածրագրերին և թույլ կտա օգտատերերին բաց չթողնել հերթական թողարկումը: Այդկերպ՝ Facebook Watch-ով հնարավոր կլինի դիտել ինտերնետային շոուներ, մարզական մրցումներից ուղիղ հեռարձակումներ և մեկնաբանել դրանք:
Watch ներդիրն անհատականացված է լինելու յուրաքանչյուր օգտատիրոջ համար: Նախևառաջ այդտեղ կհայտնվեն ծրագրեր, որոնք հավանում են օգտատիրոջ ընկերները: Այնտեղ հնարավոր կլինի նշել տեսանյութերն ավելի ուշ դիտման համար, բաժանորդագրվել հեղինակներին և նոր տեսանյութեր գտնել առաջարկներով կամ որոնողական հարցումներով:
Ընկերությունը մտադիր է սովորական տեսաժապավենը փոխարինել Watch նոր ներդիրով, որտեղ կտեղադրվեն Facebook-ի գումարներով պատրաստված ծրագրեր: Այժմ Facebook-ն արդեն պայմանագրեր է կնքել Vox Media-ի, BuzzFeed-ի, ATTN-ի, Group Nine Media-ի և այլ ընկերությունների հետ:










