Ներկայացվել է SpaceX-ի առաջին սկաֆանդրը (լուսանկար)
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ներկայացրել է իր գլխավորած SpaceX ընկերության առաջին սկաֆանդրը: Համապատասխան լուսանկարն ինժեները հրապարակել է Instagram-ի իր էջում:
«SpaceX սկաֆանդրի առաջին լուսանկարը: Ավելի շատ լուսանկարներ կներկայացնենք առաջիկա օրերին: Նշեմ, որ սա աշխատանքային տարբերակն է (ոչ մակետը): Այն արդեն փորձարկվել է երկակի վակուումային ճնշման տակ: Շատ բարդ է եղել հավասարակշռություն պահել գեղագիտության և ֆունկցիոնալության միջև: Հեշտ է ամեն ինչ անել առանձին-առանձին», - լուսանկարը մեկնաբանել է Մասկը:
Գործարարը չի պարզաբանել՝ արդյոք սկաֆանդրը հարմար է բաց տիեզերք դուրս գալու համար, թե այն կօգտագործվի միայն Dragon 2 տիեզերանավի ներսում: Ավելի վաղ Մասկը գրել է Twitter-ում, որ նոր տիեզերական կոստյումը կօգտագործի նաև ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):











