Բրիտանացին հավելված է ստեղծել, որը երեխաներին ստիպում է պատասխանել ծնողների հաղորդագրություններին
Լոնդոնի բնակիչ Նիկ Հերբերթը հատուկ հավելված է ստեղծել, որը «սառեցնում է» սմարթֆոնի էկրանն ու բարձր ձայներ է արձակում կարևոր հաղորդագրություն ստանալիս:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ միտքը Հերբերթը հղացել է, երբ նրա 13-ամյա որդի Բենը հերթական անգամ մոռացել է պատասխանել ծնողների հաղորդագրությանը: Բրիտանացին, ով վստահ է, որ նման վարքը բնորոշ է շատ երեխաների, անխափան միջոց է գտել այդ խնդրի լուծման համար:
Հաղորդագրության ազդանշանի ձայնը շարունակում է հնչել այնքան ժամանակ մինչև հասցեատերը չկարդա այն, սակայն անգամ այդ դեպքում հնարավոր չի լինի օգտվել սմարթֆոնի մյուս գործառույթներից, քանի որ «ապասառեցումը» տեղի է ունենում միայն պատասխան նամակի ուղարկումից հետո:
Քանի որ Հերբերթը ծրագրավորմամբ չի զբաղվում, նրա մտահաղացումն իրականացնելու գործում ծրագրավորողների թիմ է ներգրավվել: ReplyASAP կոչվող հավելվածն արդեն հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների համար: Շուտով կհայտնվի նաև iOS-ի համար նախատեսված տարբերակը:










