Մեծ Բրիտանիայում մտադիր են մասամբ ինքնակառավարվող բեռնատարներ օգտագործել

09:56 • 25.08.17

Մեծ Բրիտանիայի կառավարության տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է երկրում մասամբ ինքնակառավարվող բեռնատարներ օգտագործելու պլանների մասին: Ինչպես նշվում է դեպարտամենտի փաստաթղթերում, նոր բեռնատարները կարող են հայտնվել «միջնաժամկետ հեռանկարում՝ երեք, հինգ տարուց», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նոր համակարգը ենթադրում է գլխավոր բեռնատար, որը կվարի վարորդը, և դրան հետևող մի քանի ինքնակառավարվող բեռնատար: Գլխավոր բեռնատարի վարորդը կորոշի երթուղին, արագությունը և շարասյան մեջ բեռնատարների դիրքը, բեռնատարների միջև կապը կլինի համակարգչային՝ ռադարների, GPS-ի և ինտերնետային կապի միջոցով:


«Մենք կարծում ենք, որ այդ համակարգը ոչ միայն պոտենցիալ ունի վառելիքի տնտեսման և վնասակար արտանետումների կրճատման, այլև ճանապարհների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու առումով»,- հայտարարել է տրանսպորտի նախարար Փոլ Մեյնարդը:


Նա հայտարարել է նաև, որ նախագծի ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել մոտ 8,1 միլիոն ֆունտ սթերլինգ:

Մեծ Բրիտանիայում մտադիր են մասամբ ինքնակառավարվող բեռնատարներ օգտագործել