324 կմ/ժ. Իլոն Մասկը հրապարակել է Hyperloop ուղևորատար պարկուճի նախատիպի փորձարկման տեսանյութը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ում տեղադրել է Hyperloop ուղևորատար պարկուճի նախատիպի փորձարկման տեսանյութը, որը թեստային վակուումային խողովակի միջով ընթանում է ռեկորդային արագությամբ, գրում է lenta.ru-ն:
Պարկուճը ստեղծել են Մյունխենի տեխնիկական համալսարանի ուսանողները:
Տեղեկատվության համաձայն՝ 80 կիլոգրամ քաշով կապսուլը, որն ունի 50 կիլովատտ հզորությամբ էլեկտրական շարժիչ, հասել է ժամում մինչև 324 կիլոմետր արագության: Նախատիպի վրա WARR անվանումով թիմն աշխատել է վերջին կես տարում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում Hyperloop One ընկերությունն իրականացրել է վակուումային տարածության մեջ ընթացող գերարագ գնացքների համակարգի առաջին փորձարկումը: Ուղևորների փոխադրման համար նախատեսված գնացք-պարկուճը 113 կմ/ժամ արագություն է զարգացրել: Փորձարկումն անցկացվել է դեռևս մայիսին, սակայն դրա արդյունքների մասին ընկերությունը միայն հուլիսին է հայտնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Hyperloop-ի համար առաջին խողովակը կառուցվել է Նևադա նահանգում՝ մարտին: Դրա երկարությունը 500 մետր է, իսկ տրամագիծը` 3.3 մետր:
Hyperloop pod run by team WARR pic.twitter.com/ntaMsoxkZE
— Elon Musk (@elonmusk) August 28, 2017










