De Tomaso-ի պատմության վերջին ավտոմեքենան աճուրդի կհանվի (լուսանկարներ)
Սեպտեմբերին RM Sotheby's աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի կհանի De Tomaso իտալական ընկերության վերջին ավտոմեքենան՝ Nuova Pantera նախատիպը, որը մշակել է իտալացի ավտոմոբիլային դիզայներ Մարչելո Գանդինին: Նմուշը նախատեսվում է վաճառել 70-90 հազար ֆունտ ստերլինգով (90-116 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Հայտնի է, որ Nuova Pantera-ի նախատիպը ներկայացվել է 1999 թվականի սեպտեմբերին՝ De Tomaso ընկերության 40-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում: Ավտոմեքենան անձամբ ներկայացրել է Ալեխանդրո Դե Տոմազոն՝ բրենդի հիմնադիրը: Ընկերությունն այլևս չի արտադրել ավտոմեքենաներ, իսկ 2003 թվականին՝ Դե Տոմազոյի մահից հետո, դրա գոյությունը դադարեցվել է:
Ընկերության փակումից անմիջապես հետո իտալացի մի ավտոհավաքորդ ձեռք է բերել նախատիպը, իսկ երկու տարի անց այն գնել է ավտոմեքենայի ներկայիս տերը:
Պահպանման ընթացքում առաջացած թերությունները վերացնելու համար անցկացվել է ավտոմեքենայի վերանորոգում:
Նշվում է, որ նախատիպը հագեցած չէ ինտերիերով և տեխնիկական ապահովմամբ, սակայն RM Sotheby's-ը հույս ունի, որ De Tomaso-ի երկրպագուները կցանկանան ձեռք բերել «իտալական ավտոմոբիլային պատմության մաս դարձած» նախատիպը:













